«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ցեղասպանված լինելն ամոթալի է

Ցեղասպանված լինելն ամոթալի է
03.03.2009 | 00:00

ՀԱՅԱՑՔ
Այս միտքը միայն զգացմունքային չէ, այլ նաև գաղափար է, իր մեջ կրում է գիտելիքների որոշակի համակարգ և արտաքին պահանջարկ ունի: Ընդհանրապես, գաղափարը բանականության ծնունդ է, բանականությունը` բնության: Հենց այդ միասնականության հետ հանդես եկող զգացմունքային հայրենասիրությունն է հանգեցնում ազգային նպատակի ի հայտ գալուն և դրան հետամուտ լինելուն: Բնության օրենքների վրա հիմնված դատողություններն օգտագործողները բնապաշտներն են, որ նույն օրենքներով են բացատրում նաև պատմական երևույթները` ակնկալելով ազգի ապագայով մտահոգվածների հետ փոխադարձ կապ և մեր բարձրագույն նպատակի` Հայ դատի առավել արդյունավետ լուծումների հայտնաբերում:
Բանականության օրենքները բացարձակ են: Հրեա և սիոնիստ Էյնշտեյնի կողմից մարդկությանը մատուցած հարաբերականության տեսությունն անզոր է այդ օրենքների առջև, ավելի պարզ ասած, դա նույնպես խոր քողարկված խաբեություն է, որը դանդաղ և անուղղակի ազդում է նրանց վրա, ովքեր տեսության տիրույթները տարածում են հասարակական այլ ոլորտների վրա ևս:
Բանականության պահանջները նույնպես բացարձակ են. ցանկացած կենդանի օրգանիզմ օժտված է ոչ միայն սոսկ գոյության իրավունքով, այլև իր արժանապատվությունը պաշտպանելու պարտավորությամբ: Դա վերաբերում է և՛ անհատին, և՛ ժողովրդին, և՛ մարդկությանն ընդհանրապես:
Մեր` հայերիս արարքներով է պայմանավորված մարդկության նաև բարոյականության պահպանումը: Այսինքն` Հայ դատի պաշտպանությամբ, հայ ժողովրդի արժանապատվության դեմ կատարված ոտնձգության դեմ մեր պայքարը դառնում է պայքար մարդկության արժանապատվության պահպանման համար:
Անհատը, օրինակ` ասպետը, հանուն ի՛ր կամ, ասենք, որևէ կնոջ արժանապատվության, պատրաստ է զոհաբերելու ամեն ինչ, ներառյալ կյանքը: Այլ է ժողովրդի պարագայում: Ժողովուրդը, նախօրոք դաստիարակելով իր համար զոհաբերվելու պատրաստակամությամբ ապրող զավակներ, ընտրում է այլ տարբերակ: Ապրելու իրավունքը «Մահ կամ ազատություն» գայթակղիչ կոչին հետևելու մեջ չէ: Բնության պահանջը հաղթական գոյությունն է հանուն տեսակի պահպանման: Միայն աստվածային միջամտությանն ապավինելու հույսին թողնված ժողովուրդը ենթակա է ոչնչացման: Թշնամին միշտ մնում է թշնամի: Փոխվում են նրա դիմակները, վարվելաձևերը, ծրագրերը, բայց ոչ նպատակը: Նա իր հաղթանակները դյուրացնելու համար մեծ ջանք է թափում: Օրինակ, աննկատ ընթացող գաղափարական պայքարում այսօր «եհովական», «մորմոն» կամ այլ աղանդների հետևորդ հայեր է պատրաստում` նրանց «կամավորապես» զրկելով ազգապահպանման պայքարի կամքից:
Բնապաշտական մոտեցումներով իրատեսական ելքեր միշտ էլ առաջարկվում են։ Դրանք գիտակցական են ու հանուն հայրենիքի: Աստված պետք է ընկալելի լինի ոչ միայն մի խումբ հայրենասերների համար, որոնք միշտ էլ կան և պատրաստ են իմաստավորելու ամբողջ ազգի գոյությունը հարկ եղած պահին նաև իրենց նահատակությամբ, այլև ողջ ժողովրդի: Դա մեծն Նժդեհի ազգայնական և բանական գաղափարներին համահունչ ընթացք տալով` բնազդականից գիտակցականի սահուն անցման արդյունքն է:
Ավաղ, Նժդեհի անունն այժմ շատերն են շահարկում, քչերը` հետևում նրա գաղափարներին: Մեկը նրա աճյունի տեղափոխման հարցերով է հպարտանում, մյուսը` նրա ազգականներին սիրաշահելով, մեկ ուրիշը նրա գրքերը տպագրելով կամ այլ եղանակներով փորձում են քաղաքական կամ անձնական կարիերա ստեղծել: Անգամ ապազգային «մորմոնները» Նժդեհի անունով ակումբ ունեն, սակայն ինչո՞ւ են քչերը շարժվում ցեղակրոնության դրույթներով, մեկ պատասխան կա. որովհետև... շահութաբեր չէ։
Հայ ժողովրդի, լինի գիտակցված, թե ենթագիտակցական, նպատակը ամբողջական Հայաստանի վերականգնումն է: Դրա իրականացումը մեր սերնդի առաքելությունն ու պարտականությունն է, այսօր այդպես է զգում յուրաքանչյուր ճշմարիտ հայրենասեր և իր ծրագրերը կազմում դրան համապատասխան: Ընդհանրապես, ծրագրերը միջոցներ են նպատակի իրականացման համար: Իսկ մեր ներկա հանրապետության վարած քաղաքականության մեջ, նրա հայտարարած ռազմավարական և մարտավարական ծրագրերում չկան այնպիսի դրույթներ, որոնցով լուծվի հայկական հարցը` ի շահ հայ ժողովրդի: Այսպիսի ծրագրեր չունի նաև ընդդիմությունը: Կա ազգային գաղափարախոսության հաստատման համար մարտնչողների մեծ պահանջարկ: Համենայն դեպս, երևակված «ազգային դաշտը»` իր ամենաբազմազան «համախմբումներով», այսօր ծածկված է արհեստական կանաչով, հաճախ` դրսից ներմուծված: Կա կեղծ, ցուցադրական, անձնազոհությունից խուսափող, «կոմպլեմենտար», քաղքենիացված հայրենասերների մի խումբ, որ վտանգի պահին բացահայտում է վարձու աշխատողի իր էությունը:
Ազգային դաշտի բնականոն կայացման համար շատ լուրջ անելիքներ կան: Ազգային ծրագիր ստեղծելու գործընթացը պետք է մեկնարկի` ընդգրկելով հայ ժողովրդի բոլոր բաղադրիչները, յուրաքանչյուր դրույթի համար տալով գիտական հիմնավորումներ, որոնք իրենց մեջ վերկրոնականություն, միստիկայից զերծ ոգեղենականություն պարունակեն, լինեն վերկուսակցական, չկառավարվեն օտար կապիտալով ու գաղափարներով, օգտագործեն միջազգային իրավունքի նորմերը և իրագործվեն իրատեսական հենքի վրա, աննահանջ հետևողականությամբ` սերնդեսերունդ:
Աշխարհում մեծ փոփոխություններ են սպասվում և պետք է միշտ պատրաստ լինենք քաղաքական ցանկացած շրջադարձի, երբեք անակնկալի չգանք, անգամ երբ մի տխուր օր նոր փլուզումներ սկսվեն, ու հայտնվենք ավերակների տակ կամ մի գեղեցիկ օր ամերիկյան կայսրությունը, հետևաբար և Թուրքիան, «լուծարվեն»: Ահա այս վերջինը կլինի պատմական օրինաչափության արդյունք, իսկ այդ օրինաչափության հետևանք կդառնա նաև ամբողջական Հայաստանի կայացումը:
Իհարկե, ասվածին հարկ է հավատալ, բայց դա ի կատար ածելու համար պետք է պայքարել, ընդ որում, պայքարել ամեն օր, ամեն ժամ, ամեն տեղ, ամենքով և հստակ արտահայտված ծրագրով` կետ առ կետ, մինչև հաղթանակ և դրանից հետո էլ:
Ներսես ՆԵՐՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1885

Մեկնաբանություններ